Eng | Հայ
Գաղտնիության ապահովումըՀետադարձ կապ

Յոթերորդ Համահայկական նկարչական մրցույթ

Յոթերորդ Համահայկական նկարչական մրցույթ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` Երևանի կենդանաբանական այգու և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ այս տարի յոթերորդ անգամ նախաձեռնում և իրականացնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ նախագիծը: 

Ինչպես ամեն տարի, մրցույթի առանցքային նպատակն է միավորել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ երիտասարդների՝ բարձրաձայնելու իրենց կոչը՝ հանուն Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի  պահպանման: 

Մրցույթի շրջանակում հազարավոր հայ երեխաներ ու պատանիներ հնարավորություն կունենան ներկայացնելու բնության պահպանությանն առնչվող  իրենց պատկերացումները, մտահոգություններն ու երազանքները՝ նկարների տեսքով: 

Մրցույթը բաց է Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող 5-16 տարեկան մանուկների ու պատանիների համար: 7-րդ Համահայկական նկարչական մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են օգոստոսի 30-ից մինչև նոյեմբերի 30-ը

Համահայկական նկարչական մրցույթի առանձնահատուկ մաս է «Նկարչական oր» ամենամյա միջոցառումը: Հոկտեմբերի 25-ին Երևանի կենդանաբանական այգին մեկ օրով  կվերածվի բացօթյա հսկայական նկարչական արվեստանոցի:

Մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացված լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն Երևանի կենդանաբանական այգի՝ նկարելու և իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու: Իսկ Հայաստանից դուրս բնակվող մասնակիցների լավագույն նկարները  «Նկարչական օր» միջոցառման ընթացքում  կներկայացվեն առանձին  ցուցադրությամբ: 

7-րդ Համահայկական նկարչական  մրցույթի հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից՝  ըստ տարիքային խմբերի: Միջոցառման արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ամենամյա հաշվետու միջոցառման ժամանակ՝ դեկտեմբերի ամսին: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի կենդանաբանական այգու և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից լավագույն նկարիչներին կշնորհվեն մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ և այլն: Կլինեն նաև հատուկ մրցանակներ՝ տրամադրված 7-րդ Համահայկական նկարչական մրցույթ նախագծի գործընկեր կառույցների կողմից: 

 Նախագծի արդյունքում կստեղծվեն տպագիր ճանաչողական նյութեր, որոնք, իրենց հերթին, կնպաստեն հանրության բնապահպանական գիտակցության բարձրացմանը: 

Մրցույթի մասնակից երեխաների լավագույն նկարները կընդգրկվեն տարբեր նյութերում (օրացույց, կատալոգ), ինչպես նաև հաջորդող տարվա ընթացքում կցուցադրվեն գործընկեր կառույցներին պատկանող և այլ հանրային տարածքներում:

Յոթերորդ Համահայկական նկարչական մրցույթի թեմաներ

  1. Մի արջի պատմություն (պատկերապատում)
  2. Եթե թևեր ունենայի. Հայաստանի թռչունները
  3. Երևանի կենդանաբանական այգի  2025
  4. Պաշտպանի՛ր օզոնային շերտը, քանի որ այն քեզ է պաշտպանում